ԼԻԲԱՆԱՆ

 

  Լիբանանի Հանրապեություն, արաբական պետություն Հարավարևմտյան Ասիայում (Մերձավոր Արևելք): Տարածքը՝ 10,4 հզ. կմ2: Բնակչությունր՝ 4 մլն (1997): Մայրաքաղաքը՝ Բեյրութ (1,5 մլն՝ արվարձաններով): Հայերի թիվը՝ 70-80 հազար: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

 
  Լիբանանի ներկայիս տարածքում հայեր բնակվել են հնագույն ժամանակներից: Լիբանանի հայկական գաղութը գոյատևել է համարյա անընդհատ՝ պարբերաբար համալրվելով Հայաստանից գաղթած ստվար խմբերով և երբեմն կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի կյանքում: Ըստ հռոմեական պատմիչների՝ մ.թ.ա. IV-III դդ. հայ առևտրականները Սիդոնի (Սայդա) և Տյուրոսի (Սուր) շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգեղենը, անտառանյութը, որդան կարմիրը և այլ ապրանքներ: Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) զգալի թվով հայեր է վերաբնակեցրել Ասորիքում և նրան հարող փյունիկյան տարածքում: Սելջուկյան արշավանքների ժամանակաշրջանում (XI-XII դդ.) Հայաստանից <<հազարք առ հազարս եւ բիւրք առ բիւրս>> գաղթել են Կիլիկիա, Ասորիք, մասամբ՝ Լիբանան: XII-XIII դդ. Լիբանանի նավահանգստային Տրիպոլի և Սայդա քաղաքներում հիշվում են հայ համայնքներ, որոնք Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո ավելի են ստվարացել: 

Հայերի հոսքը Լիբանան մեծացել է XVII դ. կեսից, երբ տեղի դրուզ իշխանապետներն ու մարոնական ավատատերերը, ձգտելով ամրապնդել կիսանկախության իրենց հենարանները, ապաստան են տվել օսմանյան լծից փախչող քրիստոնյաներին: 1721-ին հայ կաթոլիկական նորաստեղծ Անտոնյան միաբանությունը Ղոսթա գյուղի մերձակայքում կառուցել է Քրեյմի Ամենափրկչյան, իսկ ավելի ուշ՝ Ղազիր գյուղից ոչ հեռու Բեյթ Խաշբոյի վանքերը, որոնք գործել են մինչև XIX դ. կեսը: Սկզբնական տարիներին Քրեյմում իր նստավայրն է հաստատել 1742-ին Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը՝ Աբրահամ Պետրոս Ա Արծիվյանը (գահակալել է 1742-49-ին): Նրա հրամանով 1749-ին կառուցվել է Զմմառի հայ կաթողիկե վանքը, որը մինչև 1866-ը ծառայել է որպես հայ կաթոլիկ կաթողիկոսի նստավայր:
      Լիբանանահայ համայնքն ավելի է ստվարացել XIX դ. 20-30-ական թթ. Կ. Պոլսում և Թուրքիայի գավառներում բորբոքված հակակաթոլիկական հալածանքներից փախածների հաշվին: Հայ կաթոլիկ գաղթականների մեծ մասը, սակայն, շուտով ձուլվել է դավանակից քրիստոնյա արաբների հետ: Հետագայում Լիբանանում են հաստատվել նաև թուրք կառավարողների 1894-96-ի և 1909-ի բռնություններից փախած հայեր, գլխավորաբար՝ առաքելական համայնքից: 
     Հայերին դեպի Լիբանան է հրապուրել ոչ միայն բնիկների բարյացակամությունը, այլև 1861-ին նրա լեռնային մասում (Ջաբալ Լուբնան) ինքնավարության հաստատումից տեղի վարչակառավարման մարմնում որոշ հայազգի պաշտոնյաների ներկայությունը: Լիբանան լեռան կառավարիչներից երկուսը եղել են հայազգի կաթոլիկ պետական գործիչներ: 1861-68-ին Դաուդ փաշան (Կարապետ Արթին Տավուտյան, 1816-73) վարել է երկրամասի ինքնավարությունն անձեռնմխելի պահելու, համայնքները միմյանց շաղկապելու, առևտրատնտեսական և կրթամշակութային վերելքը խթանելու քաղաքականություն, իսկ 1912-15-ին Հովհաննես փաշա Գույումճյանը (1858-1933) ձգտել է շրջանի բնակչությանը զերծ պահել երիտթուրքերի ճնշումներից: Քաղաքաշինության ասպարեզում Մուհանդիզը (Մանուկ Մանուկյան, 1841-1925) շուրջ 50 տարի գլխավորել է Դամասկոսի և Բեյրութի ճարտարագիտաճարտարապետական վարչություններր, Բեյրությում կառուցել ճանապարհներ և հասարակական օգտագործման շենքեր: 1904-ին հայազգի էմիլ Խաշոն նշանակվել է Լիբանան լեռան գլխավոր ճարտարագետի պաշտոնում, աչքի է ընկել ջրաբաշխական բազմաթիվ աշխատանքներով: 1862-ից մի շարք արևմտահայ գործիչներ քանիցս առաջարկել են Օսմանյան կայսրության սահմաններում Հայկական հարցը լուծել` հայերով բնակեցված նահանգներին շնորհելով Լիբանան լեռան նման կիսանկախ կարգավիճակ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Լիբանան լեռանն անմիջականորեն հարող Բեյրութ քաղաքում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Ակնից, Կ. Պոլսից, Բաղդադից և այլ վայրերից գաղթածներ էին: Զգալի թիվ են կազմում նաև Լիբանանի ծովափնյա մյուս քաղաքների և լեռնային բնակավայրերի հայերը: 1895-ին Սուր քաղաքի շրջակա գյուղերում բնակվել է շուրջ 500, իսկ Մերջայունում` 200 հայ:
  Լիբանանահայերը դեռևս XIX դ. բաժանված են եղել կրոնադավանական երեք համայնքի (տես՝ Լիբանանի հայ համայնքի եկեղեցիները): Առաքելականները ենթարկվել են Երուսաղեմի հայոց պատրիարքի կողմից նշանակված հոգևոր տեսուչներին, Բեյրութում ունեցել Ս. Նշան եկեղեցին (1851-ից), նրան կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց և գերեզմանատուն: Կաթոլիկ համայնքը վարչականորեն կապված է եղել Զմմառի վանքի հետ, Բեյրութում ունեցել Ս. Եղիա եկեղեցին (1890-ից), Ս. Հայտնության մատուռը և մի այլ գերեզմանատուն: Ավետարանականները, փոքրաթիվ լինելով, միախառնված են եղել դավանակից արաբներին կամ եվրոպացիներին: 
  Լիբանանի հայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, փոքր մասը՝ հողագործությամբ: 1840-ական թթ., երբ Լիբանանը սկսել է ներգրավվել համաշխարհային կապիտալիստական շուկայի ոլորտը, հայերի դերը մեծացել է հատկապես առևտրի ասպարեզում: Հետագա տարիներին բեյրութահայ խոշոր առևտրականներ Անտոն Մասրին (Մսրլյան), Հաննա (Հովհաննես) Ղուկասը և ուրիշներ, որոնք հիմնադրել էին <<Հայկական շուկան>> (<<Սուք ալարման>>, ավերվել է 1976-ին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ), իրենց ձեռքն են վերցրել Մերսինից մինչև Գազա նավահանգստային մաքսատների կապալային շահագործման մենաշնորհը և գործարար կապեր պահպանել ոչ միայն Օսմանյան կայսրության տարբեր շրջանների, այլև Անգլիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հետ՝ զբաղվելով ներմուծվող, տարանցիկ, մասամբ էլ արտահանվող առևտրով:
     Լիբանանի ներկայիս տարածքում բնակվող հայերը Մեծ եղեռնի օրերին չեն տեղահանվել: Առաջին համաշխարհային պատերազմում ֆրանսիական զորքերի կազմում կռվող հայ լեգեոնականները 1918-ի հոկտեմբերին մասնակցել են Բեյրութից և Լիբանանի ծովափնյա քաղաքներից օսմանյան բանակի արտաքսմանը: Լիբանանի` ֆրանսիական իշխանությանը ենթարկվելուց հետո, եղեռնից փրկված տասնյակ հազարավոր հայեր ապաստան են գտել այնտեղ՝ հիմնելով հայկական մի նոր և հոծ գաղութ: 1920-ական թթ. սկզբին նրանց են միացել ֆրանսիացիների կողմից քեմալականներին հանձնված Կիլիկիայից գաղթած բազմահազար հայեր: 1923-24-ին Լիբանանում բնակվել են շուրջ 35-40 հազար հայ գաղթականներ և որբեր: Նրանցից շուրջ 25 հազարը Կիլիկիայից էին, շուրջ 8 հազարը՝ Անատոլիայի, իսկ մոտ 5 հազարը՝ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից: Նորեկ գաղթականներից շատերը, չդիմանալով Լիբանանում իրենց դեմ ծառացած տնտեսական, կենցաղային և այլ դժվարությունների, 1920-ական թթ. վերջին գաղթել են Հարավային Ամերիկա: 1932-ի մարդահամարի տվյալներով Լիբանանում բնակվել են 26,102 հայ առաքելական և 5890 հայ կաթոլիկ քաղաքացիներ: Հայ ավետարանականները, Լիբանանում իբրև առանձին կրոնական համայնք ճանաչված չլինելով, մարդահամարի տվյալներում առանձին չեն հիշատակվել: Հայ և արաբ ավետարանականները միասնաբար եղել են 6869 հոգի: Ենթադրվում է, թե նրանցից շուրջ 3 հազարը հայեր էին: Այսպիսով, 1932-ին հայերը կազմել են Լիբանանի ընդհանուր բնակչության շուրջ 4 տոկոսը: 1939-ին հազարավոր նոր հայ գաղթականներ Լիբանան են եկել Թուրքիային հանձնված Ալեքսանդրետի սանջակից: Ըստ մոտավոր հաշվումների` 1945-ի վերջին Լիբանանում բնակվել են 50802 հայ առաքելականներ և 10261 հայ կաթոլիկներ:

Տեղաբնիկների հետ համեմատաբար բարվոք փոխհարաբերությունների պայմաններում հայ գաղթականների մեծագույն մասը 1930-ական թթ. դուրս է եկել Բեյրութի մոտակայքում հաստատված գաղթականների վրանաքաղաքից, գլխավորաբար վերահիմնավորվել նորաստեղծ Նոր Սիս, Նոր Հաճըն, Նոր Մարաշ, Նոր Ադանա և այլ թաղամասերում, կարճ ժամանակամիջոցում ամուր կռվաններ ստեղծել Լիբանանի տնտեսության տարբեր բնագավառներում: Մի շարք արհեստներ (կոշկակարություն, ասեղնագործություն, ոսկերչություն, որմնադրություն, դերձակություն, ատաղձագործություն ևն) հիմնականում կենտրոնացել են հայերի ձեռքում: Հայերը հիմնել են նաև գորգագործական, մետաքսագործական, մետաղագործական, կաշեգործական, հյուսվածքեղենի, սննդարդյունաբերական և այլ մանուֆակտուրաներ, որոնք հետագայում վերածվել են ժամանակակից գործարանների: Առավել խոշորներից են եղել Պողոս Նաճարյանի, Պարսումյանի և Փոլատյանի՝ մետաղաձուլական-սարքաշինական, Գևորգ Չաթալպաշյանի՝ կաշեգործական, Խանամիրյան-Տետեյանի՝ կոշիկի, Չելեպի եղբայրների՝ հրուշակեղենի, Սարգիս Պագգալյանի՝ ալյուրի, Հովհաննես Թաշճյանի՝ գորգագործական, Սարհատյան եղբայրների և Ապրո Ապրոյանի հյուսվածքեղենի ձեռնարկությունները: Աչքի են ընկել նաև մի շարք հայ խոշոր ու միջին առևտրականներ:
   Ֆրանսիական իշխանությունները Լիբանանում անփոփոխ են պահել օսմանյան դարաշրջանից ավանդված համայնքային դրությունը: 1924-ի օգոստոսից Լիբանանի քաղաքացիության իրավունք ձեռք բերած հայ առաքելական գաղթականների համայնքային կազմակերպության հիմք է ընդունվել արևմտահայերի 1860-ի Ազգային սահմանադրությունը: 1930-ին Բեյրութից հյուսիս գտնվող Անթիլիաս ավան է տեղափոխվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որը ֆրանսիական իշխանությունների կողմից (և Մայր աթոռ Ս. էջմիածնի հավանությամբ) ճանաչվել է Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի առաքելական հայերի հոգևոր կենտրոն: 1929-ին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Կիլիկիայի կաթողիկոսությանն էր փոխանցել Լիբանանում իր բոլոր կալվածներն ու վարչական իրավասությունները: 1931-ին Կ. Պոլսից Լիբանան է վերափոխադրվել նաև Հայ կաթողիկե կաթողիկոս-պատրիարքությունը:  

Լիբանանի հայերի տնտեսական վերելքը շարունակվել է 1943-ին երկրի անկախացումից հետո: 1960-ական թթ. սկզբին հայ բուրժուազիային էր պատկանում Լիբանանի խոշոր արդյունաբերական և մանր արհեստավորական ձեռնարկությունների, ներդրված կապիտալի և խոշոր ներմուծումների կարևոր մի բաժինը: Պատկառելի է եղել նաև Լիբանանում հայ բժիշկների (6%), ատամնաբույժների (25%), դեղագործներների (23%), ճարտարագետների (10%) տեսակարար կշիռը (ըստ 1975-ի տվյալների): Սակավաթիվ են եղել հայազգի իրավաբանները, որովհետև լիբանանահայերի առաջին սերունդները լավ չեն տիրապետել պետական լեզվին` արաբերենին, որով տարվել են երկրում իրավաբանական աշխատանքները: 1940-ական թթ. երկրորդ կեսից Սփյուռքում գործող հայ ազգային երեք կուսակցություններն աստիճանաբար Բեյրութ են տեղափոխել իրենց կենտրոնական մարմինները:

      1946-48-ի զանգվածային հայրենադարձության օրերին Լիբանանից Հայաստան է ներգաղթել շուրջ 10 հազար Հայ: 1953-ին Լիբանանում բնակվում էին 69 հզ. հայ առաքելականներ և 15 հազար հայ կաթոլիկներ: 1960-ական թթ. Լիբանանում հաստատվել են բազմահազար սիրիահայեր (հրապուրված երկրի ավելի ազատ քաղաքական, տնտեսական և մշակութային մթնոլորտով): 1975-ի քաղաքացիական պատերազմի նախօրյակին Լիբանանում բնակվում էր շուրջ 200 հազար հայ (նրանցից շուրջ 60 հազարը, սակայն, հիմնականում` սիրիահայեր ու պաղեստինահայեր, երկար ժամանակ զրկված էր լիբանանյան քաղաքացիություն ստանալու իրավունքից): 
    1975-90-ին քաղաքացիական պատերազմը հարյուրավոր զոհեր և նյութական ծանրագույն վնասներ է պատճառել Լիբանանի հայերին: Բազմահազար հայեր գաղթել են ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Ավստրալիա: Լիբանանում 1932-ից հետո պաշտոնական մարդահամար չի անցկացվել: Ներկայումս այլազան աղբյուրեր քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Լիբանանում մնացած հայերի թիվը հաստատում են 60-100 հազարը (առավել հավանական է համարվոում 70-80 հզ.-ը): Ըստ պաշտոնական տվյալների` Լիբանանի 2000-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրացուցակներում նշվել են 91706 հայ առաքելական և 19856 հայ կաթոլիկ քվեարկողներ` կազմելով Լիբանանում ընտրողնեների ընդհանուր թվի շուրջ 4%-ը (Լիբանանում քվեարկելու իրավունք ունեն 21 տարին լրացած քաղաքացիները, իսկ այդ ցանկերում շուրջ 120 հզ. ընտրողների կրոնադավանական պատկանելությունը տարբեր պատճառներով չի նշվել): Ընտրություններին մասնակցել են նաև ընդամենը 16,835 հայ առաքելական և 2571 հայ կաթոլիկ ընտրողներ, այսինքն` մասնակիցների ընդհանուր թվի միայն 1,9 %-ը: Հայերի մասնակցության այս տոկոսը շուրջ 20%-ով ավելի ցածր է համալիբանանյան միջինից: Մասնակցության այս` համեմատաբար ցածր տոկոսը կարելի է մասամբ բացատրել այն հանգամանքով, որ քաղաքացիական պատերազմի և հետագա տարիներին բազմաթիվ հայեր արտագաղթելով հանդերձ Լիբանանից, դեռևս պահպանում են իրենց լիբանանյան քաղաքացիությունը (Լիբանանի օրենսդրությունը ընտրության օրը երկրից դուրս գտնվող քաղաքացիների մասնակցության իրավունքը չի ճանաչում): Իբրև առանձին համայնք չճանաչված հայ ավետարանականների թվին և մասնակցության տոկոսին վերաբերող տվյալներ չկան: 

 Լիբանանի պետական համակարգը երկրում բնակվող տարբեր կրոնադավանական համայնքների միջև գործակցության և իշխանության բաժանման հիման վրա: Հայ առաքելականները համարվում են երկրի 7-րդ խոշորագույն համայնքը: Հայ առաքելականները (1934-ից) ու կաթոլիկները (1951-ից) Լիբանանի խորհրդարանում Բեյրութի քաղաքային խորհրդում) ունեն իրենց մշտական ներկայացուցիչները: 1992-ից Լիբանանի խորհրդարանի 128 պատգամավորական աթոռներից 5-ը վերապահված է հայ առաքելական, իսկ 1-ը՝ հայ կաթոլիկ համայնքին: Հայ ավետարանական թեկնածուները կարող են պայքարել հայ և արաբ ավետարանականներին միասնաբար հատկացված միակ խորհրդարանական տեղի համար: Լիբանանի հայերը ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում, երկրի դիվանագիտական կորպուսում: 
  1983-ից Լիբանանում գործում է պարտադիր գինծառայության օրենքը: Լիբանանահայ երիտասարդները ևս պարտավոր են մեկ տարի ժամկետով ծառայել երկրի զինված ուժերում, իսկ զինվորական ասպարեզը կամավոր ընտրած ու սպայական աստիճանի հասած հայերը սակավաթիվ են: 
    Տարբեր ժամանակներում Լիբանանի խորհրդարանի պատգամավոր են ընտրվել հայ առաքելական համայնքից Վահրամ Լեյլեկյանը (1934-39), Խոսրով Թյությունճյանը (1937-39), Հրաչյա Շամլյանը (1943-47), Մովսես Տեր-Գալուստյանը (1943-72), Մելքոն Հայրապետյանը (1947-53), Տիգրան Թոսպաթը (1951-60), Խաչիկ Պապիկյանը (1957-99), Վարդգես Շամլյանր (1960-64), Սուրեն Խանամիրյանը (1960-96), Անդրե Թապուրյանը (1964-72, 1999-2000), Արա Երևանյանը (1972-91), Մելքոն էպլիղաթյանը (1972-92), Շահե Պարսումյանը (1991-96), Եղիա Ճերեճյանր (1992-ից), ժորժ Գասարճին (1992-ից), Սեպուհ Հովնանյանը (1996-ից), Հակոբ Տեմիրճյանը (1996-2000), Հակոբ Գասարճյանը (2000-ից), ժան Օղասապյանը (2000-ից), հայ կաթողիկե համայնքից՝ Աբդալլահ Իսհակը (1929-32), Ժոզեֆ Շադերը (1951-75), Անտուան Շադերը (1991-92), Հակոբ (ժակ) Չուխատարյանը (1992-2000) և Սերժ Թուրսարգիսյանը (2000-ից), հայ ավետարանական համայնքից՝ Անդրանիկ Մանուկյանը (1972-92), Նուրիճան Տեմիրճյանը (1992-96) և Աբրահամ Տետեյանը (1996-2000): 
  Միաժամանակ 1961-ից Լիբանանի տարբեր կառավարություններում նախարարական պաշտոններ են վարել մի շարք հայազգի գործիչներ: Ժոզեֆ Շադերը եղել է պլանավորման (1958) և պետական (1973-74), Խաչիկ Պապիկյանը՝ վարչական բարեփոխումների (1960-61), առողջապահության (1969), զբոսաշրջության (1969-70), տեղեկատվության (1972- 1973), պլանավորման (1973) և արդարադատության (1980-82 և 1989-1990), Սուրեն Խանամիրյանը՝ զբոսաշրջության (1973-75), նավթի և արդյունաբերության (1989-90), Հակոբ Չուխատարյանը՝ կենսոլորտի պետական (1989-90), Շահե Պարսումյանր՝ պետական (1992-94), սոցիալական հարցերի (1994-95), նավթի և արդյունաբերության (1995-97), հետագայում՝ միայն նավթի (1997-98), Հակոբ Տեմիրճյանը՝ տնտեսության և առևտրի (1992-95), քաղաքապետական ու գյուղական հարցերի (1995-98), Արթուր Նազարյանը՝ կենսոլորտի (1998-2000), Սեպուհ Հովնանյանը՝ երիտասարդության և սպորտի (2000-ից), Քերիմ Բագրատունին՝ վարչական բարեփոխումների (2003-ից) նախարար: Միջհամայնքային անպաշտոն համաձայնությամբ մշտապես հայ համայնքից է նշանակվում նաև Լիբանանի կենտրոնական բանկի փոխկառավարիչներից մեկը: Առ այսօր այդ պաշտոնն զբաղեցրել են Ժոզեֆ Ուղուրլյանը (1964-84), Մկրտիչ Պուլտուքյանը (1985-90), Կարապետ Գալայճյանը (1990-93), Հարություն Սամուելյանը (1993-2003) և Ալեն Պալյանը (2003-ից):
  Ներկայումս Լիբանանի տնտեսության, հատկապես՝ արդյունաբերության, շինարարության և առևտրի բնագավառներում շարունակում են կարևոր դիրքեր զբաղեցնել հայազգի Նազարյան, Պարսումյան, Տեմիրճյան, Տանձիկյան, Այանյան ընտանիքները, Աբրահամ Տետեյանը, Նուպար Վարդանյանը և ուրիշներ: Լիբանանահայ բազմաթիվ գործարարներ ու արդյունաբերողներ մաս են կազմում երկրի արդյունաբերողների ու առևտրականների միություններին: Այսուհանդերձ, լիբանանահայության մեծ մասը հետպատերազմյան տարիներին՝ Լիբանանի բնակչության այլ խավերի հետ, շարունակում է կրել քաղաքացիական պատերազմի տնտեսական և սոցիալական ծանր հետևանքները: 

  Լիբանանի հայ համայնքի կապերը Հայաստանի հետ զգալիորեն սերտացել են 1950-ական թթ. 2-րդ կեսից: Հաստատվել է Երևան-Բեյրութ օդային գիծ: Հայաստանի բուհերում ե ասպիրանտուրայում սովորել են ավելի քան 300 լիբանանահայ երիտասարդներ: Ամառային ամիսներին, Հայաստանում վերաորակավորման դասընթացների են հրավիրվել լիբանանահայ դպրոցների ուսուցիչներ, իսկ դպրոցականներն իրենց ամառային արձակուրդն անցկացրել են Հայաստանի մանկապատանեկան ճամբարներում: Լիբանանի մի շարք հայկական դպրոցներում և վարժարաններում հայերեն, հայ գրականություն և Հայաստանի աշխարհագրություն առարկաները սկսել են դասավանդել Հայաստանից առաքված դասագրքերով: Հայագիտությունը զարգացել է արագ տեմպերով (տես՝ Լիբանանում հայագիտության զարգացումը): 

Լիբանանահայ քաղաքական լրագրերից  <<Արարատը>>, <<Զարթոնքը>> և <<Կանչը>> կանոնավորապես առաքվել են Հայաստան: 1967-ին Արմենպրեսը ուղղակի հեռատիպային կապ է հաստատել Բեյրութի հետ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում, Մայր աթոռ Ս. էջմիածինն ու ՀԽՍՀ պետական մարմինները քանիցս մարդասիրական օժանդակություն են ուղարկել լիբանանահայ աղետյալներին, դպրոցներին ու համայնքային և այլ հաստատություններին: Սակայն Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1988-ից Ղարաբաղյան շարժման ու ԽՍՀՄ փլուզման հետևանքով ծավալված քաղաքական ու տնտեսական իրադարձությունները ժամանակավորապես թուլացրել էին լիբանանահայ համայնքի կապերը Հայաստանի հետ: 1988-ին ԽՍՀՄ իշխանությունները դադարեցրել են Երևան-Բեյրութ օդանավային չվերթները, նվազել է Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող լիբանանահայ ուսանողների թիվը ևն: Այդուհանդերձ, լիբանանահայությունը փորձել է տարբեր միջոցներով զորակցել Ղարաբաղյան շարժմանը, Հայաստանում 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հանգանակել ավելի քան մեկ միլիոն ամերիկյան դոլար, որով Հայաստան է ուղարկվել 42 տոննա նպաստ (սննդամթերք, դեղորայք ևն), հիմնովին արդիականացվել է Ավանի արհեստական մարմնանդամների (պրոթեզների) գործարանը, գումար է հատկացվել Գյումրիի <<Անի>> թաղամասում 81 բնակարանների կառուցմանը:

1991-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո բարելավվել են հարաբերությունները լիբանանահայության հետ: 1993-ին վերաբացվել է Բեյրութ-Երևան оդանավային գիծը: Նազարյան ընտանիքի ֆինանսավորմամբ Բեյրութում կառուցվել է ՀՀ դեսպանատան շենքը: Գործում է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղը: Ակտիվ է նաև Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը, ինչպես նաև տպագրական գործունեությունը: Լիբանանի հայ համայնքի մամուլը հիմնականում տպագրվել է Բեյրութում: 

 

 
   Լիբանանի առավել աչքի ընկնող համայնքերից են՝ Բեյրութի, Անյճարի, Զահլեի, Ջիբեյլի, Ջյունիի, Տրիպոլիի հայ համայնքները: 
 
 
 Սանջյան Ա. 
 
Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 290-294:








 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am