Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Չիկագոյի հայ համայնքը

 Չիկագոյի հայ համայնքը ձևավորվել Է XIX դ. 80-90-ական թթ.։ 1910-ին Չիկագոյում և նրա շրջակայքում բնակվել Է շուրջ 1000, 1921-ին` 10-12 հզ., 1970-ական թթ. սկզբին 20 հզ. հայ։ Ներկայումս (2003) հայերի թիվը շուրջ 25 հզ. Է (բուն Չիկագոյում 10 հզ.)։ Հայերը հիմնականում արհեստավորներ, ծառայողներ, առևտրականներ, մտավորականներ են։ Չիկագոյում և նրա արվարձաններում գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ամենայն Սրբոց, Ս. Պողոս, Ս. Փրկիչ առաքելական եկեղեցիները, Չիկագոյի հայ ավետարանական եկեղեցին, որոնց կից` Դանիել Վարուժան, ՀԲԸՄ Սիսակ Վարժապետյան, Մեսրոպյան մեկօրյա դպրոցները։ Համայնքի ձևավորումից ի վեր այստեղ գործում են հայ ագգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Հայ կրթական հիմնարկությունը, ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, ՀՕՄ-ի «Անահիտ» կրտսերաց մասնաճյուղը, Չիկագոյի համալսարանի հայ ուսանողների ընկերակցությունը, համագաղութային այլ կազմակերպությունների և հայրենակցական միությունների տեղական մարմինները, տիկնանց և երիտասարդաց միությունները։ 1922-ին Չիկագոյում կազմակերպվել Է «Շանթ» թատերախումբը, որր ներկայացումներ Է տվել Հովհաննես Աբելյանի և Հովհաննես Զարիֆյանի մասնակցությամբ։ Չիկագոյում լույս Է տեսել 10-ից ավելի անուն պարբերական, առաջինը` «Դաստիարակը»` 1903-ին:


 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 43-44:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am