Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Հայ մարմնակրթական ընդհանուր միություն

 Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) մարզական, սկաուտական կազմակերպություն է։ Հիմնվել է 1918 թվականի նոյեմբերին, Կոստանդնուպոլսում՝ Շավարշ Քրիսյանի «Մարմնամարզ» թերթի (1911) գաղափարներով տոգորված մի խումբ պոլսահայ երիտասարդների (Գրիգոր Հակոբյան, Հայկ Ճիզմեճյան, Վահրամ Փափազյան, ժիրայր Խորասանճյան, Տիգրան Խոյյան, Գառլո Շանյան, Լեոն Հակոբյան, Հակոբ Ճ. Սիրունի) նախաձեռնությամբ։ Նորակազմ կենտրոնական վարչության ատենապետ է ընտրվել Գրիգոր Հակոբյանը։ Միության նպատակն էր «ֆիզիկական առողջ դաստիարակություն տալ հայ անհատին՝ համակելով անոր միտքն ու սիրտը մարզական ազնվագույն ոգիով։ Սովորեցնել անոր ըլլալ չարքաշ և արի, ազգասեր և հայրենասեր, օրինապահ, զարգացնել անոր մեջ պարտականության, պատասխանատվության և պատվի զգացումները, համերաշխության և փոխադարձ օգնության ոգին»:

1918 թվականի դեկտեմբերին Կոստանդնուպոլսի Ազգային ժողովը վավերացրել է ՀՄԸՄ-ի հիմնադրումը։ 1921 թվականի հունիսին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած միության 4-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը հաստատել է ՀՄԸՄ-ի առաջին ամբողջական ծրագիր-կանոնագիրը։

ՀՄԸՄ-ն անկուսակցական կազմակերպություն է, թեև վայելում է ՀՀԴ (Հայաստանի Հեղափոխական Դաշնակցություն) կուսակցության հովանավորությունը։ Միության գերագույն գործադիր մարմինը Կենտրոնական վարչությունն է, ընտրվում է չորս տարի ժամկետով՝ միության օրենսդիր մարմին ընդհանուր պատգամավորական ժողովում։ ՀՄԸՄ-ի նշանաբանն է՝ «Բարձրացի՛ր, բարձրացու՛ր»: 1919 թվականի հոկտեմբերի 25-ին հրատարակվել է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության «Հայ սկաուտ» պաշտոնաթերթը։

Հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզախաղերից մեկի պաշտոնապես մեկնարկ, 2013ՀՄԸՄ-ն ներկայումս (2003) ունի 85 մասնաճյուղ (25 հազար անդամով) աշխարհի բոլոր հայահոծ երկրներում (ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Անգլիա, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Կիպրոս, Իսրայել, Քուվեյթ, Ավստրալիա), նաև Հայաստանում (1989 թվականից):

Սկզբնական փուլում, որն ընդգրկում է Կոստանդնուպոլսում գործելու քառամյա ժամանակաշրջանը (1918-1922), ՀՄԸՄ-ն առավելաբար զբաղվել է բարեսիրական աշխատանքներով։ Միությունը ստանձնել է ավելի քան 20 հազար հայ որբերի խնամատարությունը, տարագիրների կայանի համար ձմեռվա վառելիքի հայթայթումը, գործունորեն մասնակցել է ազգային նվիրահավաքներին, մասնավորապես՝ 1920 թվականին ի նպաստ հայ կական բանակի կազմակերպված հանգանակությանը, իրականացրել է հայ որբերից գյուղատնտեսներ պատրաստելու և նրանց հայրենիք ուղարկելու ծրագիրը, զբաղվել նրանց սկաուտական ու մարզական դաստիարակությամբ։ Վերականգնելով մարզական ավանդույթները՝ 1919 թվականի օգոստոսին կազմակերպել է հետպատերազմյան համահայկական առաջին օլիմպիական խաղերը՝ Զավեն արքեպիսկոպոս Եդիայան պատրիարքի հովանավորությամբ։

Թուրքիայում քեմալական շարժման ծավալման հետևանքով Կոստանդնուպոլսում և գավառներում կացությունը դարձել է անբարենպաստ։ 1922 թվականի սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսի ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությունն իր վերջին նիստում որոշել է լուծարել միությունը Թուրքիայում։ ՀՄԸՄ-ն հարկադրված էր իր ժողովրդի հետ տարագրվել և շարունակել իր հայապահպան առաքելությունը սփյուռքում։ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում, Հորդանանում և Իրաքում հաստատվածներն ստեղծել են ՀՄԸՄ մասնաճյուղեր՝ համախմբելով հայ երիտասարդությանը սկաուտական և մարզական խմբերի մեջ։ Մասնաճյուղերի գործունեությունը ղեկավարելու համար 1929 թվականին, Սիրիայի և Լիբանանի մասնաճյուղերի մասնակցությամբ, գումարված առաջին շրջանային ներկայացուցչական ժողովն ընտրել է շրջանային վարչություն, որի հետ սերտ կապեր են հաստատել Կահիրեի «Արարատ» և Ալեքսանդրիայի «Կամք» մարզական միությունները (հետագայում կոչվել են ՀՄԸՄ «Արարատ» և ՀՄԸՄ «Կամք»):

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) հետեանքով ՀՄԸՄ գործունեությունը թուլացել է, իսկ քաղաքական նոր իրադրության մեջ դադարել են գործելուց Ռումինիայի և Բուլղարիայի մասնաճյուղերը։

1950-ական թվականներին Մերձավոր Արևելքի երկրներում սկսված քաղաքական ցնցումները հանգեցրել են հայության զանգվածային արտագաղթի։ ՀՄԸՄ-ի ոգով դաստիարակված երիտասարդները նախաձեռնել են միության մասնաճյուղերի հիմնումը իրենց բնակության նոր վայրերում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում։ Մասնաճյուղերի աճն առաջ է բերել նրանց գործունեությունը համադրելու, փոխադարձ կապերը սերտացնելու և փոխհարաբերությունները կանոնավորելու համար համագաղութային նոր ղեկավար կառույցի ստեղծման անհրաժեշտությունը։

Հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզախաղերի փակման արարողություն, 20131974 թվականի դեկտեմբերին Բեյրութում գումարվել է առաջին ընդհանուր պատգամավորական ժողովը, որը վավերացրել է միության ընդհանուր կանոնագիրը, ընտրել ՀՄԸՄ-ի առաջին համագաղութային կենտրոնական վարչությունը՝ չորս տարի ժամկետով։

Միության համագաղութային ձեռնարկների թվում կարևոր տեղ են գրավում սկաուտական ընդհանուր բանակումները (1978 թվականին՝ Աթենքում, 1980 թվականին՝ Փարիզի Քլամար արվարձանում, 1986 թվականին՝ Լոնդոնում): 1990 թվականին Աթենքում կազմակերպված չորրորդ համագաղութային ընդհանուր բանակումին մասնակցել են 500 սկաուտ և հայրենիքից հրավիրված 30 պատանի։ ՀՄԸՄ սկաուտներին (շուրջ 8 հազար) կազմակերպելու նպատակով հրավիրվել են համագաղութային սկաուտական համագումարներ (1982 թվականին՝ Աթենքում, 1988 թվականին՝ Լոս Անջելեսում): Միութան մարզական կարևոր ավանդույթներից են բասկետբոլի համագաղութային մրցաշարերի կազմակերպումը (1988 թվականին՝ Կանադայի Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում, 1990-ին՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքում), ֆուտբոլի համագաղութային մրցության անցկացումը (1985 թվականին՝ Լոս Անջելեսում):

ՀՄԸՄ-ն լույս է ընծայել շուրջ 28 անուն պարբերական, որոնք արծարծել են միության խնդիրներն ու նպատակները, լուսաբանել մասնաճյուղերի գործունեությունը տարբեր երկրներում, հոդվածներ զետեղել հայ ժողովրդի, Հայ դատի և Հայաստան աշխարհի մասին։ Բացի Կոստանդնուպոլսից, միության պարբերականներն ու հանդեսները լույս են տեսել Իզմիրում, Կարսում, Բալկանյան երկրների հայաշատ գաղութներում (Բուխարեստ, Ֆիլիպե, Ռուսչուկ, Սլիվեն), նաև Հունաստանում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Պաղեսաինում, Գերմանիայում, Սիրիայում (Հալեպ), Լիբանանում (Բեյրութ): 1980 թվականի փետրվարի 22-ից Բեյրութում լույս է տեսնում ՀՄԸՄ կենտրոնական վարչության «Մարզիկ» պաշտոնաթերթը (սփյուռքահայ միակ մարզական ամսաթերթն է):

1920 թվականի հուլիսին ՀՄԸՄ կենտրոնական վարչությունը, ընղառաջելով Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերին, Հայաստան է ուղարկել պատվիրակություն (Վահան Չերազ, Տիգրան Խոյյան, Օնիկ Յազմաճյան)՝ մարզական և սկաուտական դաստիարակություն կազմակերպելու և տարածելու համար։ ՀՄԸՄ մարզիչները կազմակերպելն կարգավորել են որբանոցների ներքին կյանքը, զբաղվել որբերի հայեցի դաստիարակությամբ։ Թուրք-հայկական պատերազմի (1920) օրերին ՀՄԸՄ կամավորներն օգնել են հայկական բանակին՝ պարեն մատակարարելով, և ապահովել պարենի արդար բաշխումը։ 1989-ին Հայաստանում մի խումբ երիտասարդներ՝ Վարդան Բախշյանի (նահատակվել է Արցախում) գլխավորությամբ, հիմնել են ՀՄԸՄ Երևանի մասնաճյուղը։ Ներկայումս (2003) Հայաստանում գործում է ՀՄԸՄ 17 մասնաճյուղ։ 1990-ական թվականների լույս են տեսել Հայաստանի ՀՄԸՄ-ի «Մարզաշխարհ», նրա հավելվածներ «Նավասարդ IX» և «Հայ արի» թերթեր։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 680-681:

Գրկ.՝

Թորիկյան Բ., Պատմութիւն Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան, հ. 1, 2, Բեյրութ, 1995, 1999:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am