Հայաստանը, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունենալով, իր ողջ պատմության ընթացքում եղել է ժամանակի հզոր կայսրությունների շահերի բախման դաշտ։ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկարատև ռազմաքաղաքական հակամարտությունը 387-ին հանգեցրեց հայ պետականության կործանմանը, Հայաստանի առաջին բաժանմանը այդ երկրների միջև։ Այդ թվականը պայմանականորեն կարելի է համարել նաև հայ գաղթաշխարհի պատմության սկիզբը։ Այդուհետ արտագաղթերը հայրենիքից դարձան հայ ժողովրդի պատմության մնայուն բնութագրերից մեկը։

Դարերի ընթացքում հայերի, ինչպես և այլ ժողովուրդների արտագաղթը հայրենիքից պայմանավորված է եղել երեք հիմնական գործոններով՝ տնտեսական, կրոնական և քաղաքական, որոնք, ինքնուրույն պետականության բացակայության պայմաններում, մշտապես ուղեկցվել են օտարազգի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումներով և հալածանքներով։

Դեռևս III–IV դդ Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ, այդ թվում Բալկաններ՝ Թրակիա, Մակեդոնիա ևն։ Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի արդյունքներից էր նրանց հայտնվելը բյուզանդական պետական կառուցվածքի ամենաբարձր օղակներում, ընդհուպ մինչև Մակեդոնական կամ Հայկական դինաստիայի հիմնումը (867–1057)։

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել VII–XIV դդ, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (արաբներ, սելջուկներ, մոնղոլներ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալի երևույթ էր հայերի զանգվածային տեղափոխումը Կիլիկիա։ Սկիզբ առնելով դեռևս Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ այն առավել մեծ չափեր ընդունեց X–XI դդ, երբ սելջուկների ներխուժման հետևանքով Կիլիկիա տեղափոխվեցին նաև որոշ թվով խոշոր ավատատերեր, իշխանական տոհմեր՝ իրենց վասալների հետ, սպարապետներ՝ իրենց զորքերով։ Որոշ ժամանակ անց հայերը Կիլիկիայում ոչ միայն գերիշխող դիրք գրավեցին ամենատարբեր ասպարեզներում, այլև հիմնեցին նախ իշխանություն, ապա և՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը, որի մայրաքաղաք Սիս տեղափոխվեց (մինչև 1441-ը) նաև Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը։ Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր գաղթեցին Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածի կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակվեց հետագա դարերում (ընդհուպ մինչև 1921-ը), և Կիլիկիան հայերի համար դարձավ նրանց հայրենիքի կարևոր բաղկացուցիչ մասը։

Միջին դարերում հայերի տարածմանը տարբեր երկրներում մեծապես նպաստել է նաև այն, որ սկսած XVI դ-ից՝ հայ վաճառականները Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող առևտրի հիմնական կազմակերպիչներից էին։ Նրանց գործունեության շառավիղը ձգվում էր Հնդկաստանից և Պարսկաստանից մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա, իսկ Ռուսաստանի հարավային շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան ևն) հաստատված հայերը խոշոր դեր են խաղացել ռուս-պարսկական առևտրական հարաբերությունների հաստատման, Ռուսաստանով տարանցիկ առևտրի կազմակերպման գործում։ Բոլոր այդ վայրերում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց հիման վրա ձևավորվել են հայկական նոր համայնքներ։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301) հետո Հայ առաքելական եկեղեցին դարձավ հայ ժողովրդի ինքնապահպանման և զարգացման ամենաազդու միջոցը նախ Իրանի, իսկ 554-ի Դվինի եկեղեցական ժողովից հետո՝ նաև Բյուզանդիայի մշակութային և քաղաքական հարձակողական քաղաքականության դեմ։ Իր ազգապաշտպան այդ դերը Հայ եկեղեցին շարունակեց կատարել նաև հետագա ժամանակներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Պետականության բացակայության պայմաններում Հայ եկեղեցին, հանդիսանալով ազգը համախմբող հիմնական միջոց, իր հերթին, անհրաժեշտության դեպքում դիմում էր ամենակոշտ միջոցների՝ կրոնական հողի վրա ժողովրդի պառակտումը կանխելու համար։ Դրա օրինակներից էր Հայաստանում առաջացած և եկեղեցու պաշտոնական վարդապետությանը հակադրվող Պավլիկյան, իսկ այնուհետև Թոնդրակյան աղանդավորական շարժման հետևորդների հետապնդումներն ու վտարումը երկրից VIII–XI դդ։

Հայ ժողովրդի պատմության մեջ հատկապես ճակատագրական եղավ սելջուկ թուրքերի քոչվոր այլևայլ ցեղերի ներխուժումը, որոնք, հաստատվելով այդ տարածաշրջանում, ձեռնամուխ եղան սեփական պետության ստեղծմանը։ Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքներում՝ Եվրոպայում և Ասիայում, թուրքերը սկսեցին հետևողականորեն իրականացնել տեղի բնիկ, քրիստոնյա ժողովուրդների (հայեր, հույներ, բուլղարներ ևն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականություն։ Այդ ժամանակաշրջանում հայերն ստիպված էին արտագաղթել ինչպես Հայաստանից, այնպես էլ թուրքերի գրաված այլ երկրներից, որտեղ նրանք հաստատվել էին նախորդ ժամանակներում։ Թուրքերի կողմից 1475-ին Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթել են Ռուսաստան, Լեհաստան և այլուր։ XVI–XVII դդ Պարսկաստանի արքաները, և հատկապես շահ Աբբաս I-ը, իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուրհազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնել են նոր քաղաքներ (Նոր Ջուղա) կամ ստվարացրել հին հայկական համայնքները։

1826–29-ին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո սկսվել է Արևելյան Հայաստանի վերաբնակեցումը հայերով։ Ռուսաստանին միացված հայկական տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրքական և պարսակական տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասի (շուրջ 150 հզ) ներգաղթը Արևելյան Հայաստան։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց տեղի հայ բնակչության թիվը, Արևելյան Հայաստանը վերածվեց հայ ժողովրդի համախմբման կենտրոնի։

Մինչդեռ Օսմանյան կայսրությունում ավելի էր խստանում հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագրական շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք 1894–1896-ին կազմակերպեցին շուրջ 300 հզ հայերի սպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից՝ այս անգամ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա։

Դարերի ընթացքում հայերի շարունակական արտագաղթը հայրենիքից կանխորոշել է նրանց աշխարհընկալման և կենսափիլիսոփայության այնպիսի առանձնահատուկ բնութագրի ձևավորումը, երբ այլ երկրներում ապրելը սկսել է դիտվել որպես ճակատագրով նախասահմանված, անխուսափելի մի երևույթ։ Դրա հետ մեկտեղ, շարունակ ապրելով օտար երկրներում, նրանցում ձևավորվել են ինչպես այլ հասարակություններին և մշակույթներին հարմարվելու, այնպես էլ իրենց ազգամշակութային ինքնությունը պահպանելու և զարգացնելու ունակություններ ու ավանդույթներ։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տարբեր երկրներում (Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, ԱՄՆ ևն) ապրող հայության ազգային գործունեությունը կազմակերպվում ու կարգավորվում էր համայնքային հաստատությունների մի ամբողջ համակարգով՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական և զանազան այլ կազմակերպություններ։ Հատկապես կարևորվում էին Կոնստանդնուպոլիսը և Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական և ֆինանսական կենտրոնները։ Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաև Զմյուռնիան, Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան։

Այդ ժամանակաշրջանում հայ գաղթաշխարհի ամենակարևոր բնութագրերից էին ա) չնայած հայրենիքից հայերի մշտական և զանգվածային արտագաղթին՝ նրանց բացարձակ մեծամասնության կենսագործունեությունը, այնուամենայնիվ, ընթանում էր իրենց ազգային տարածքներում՝ Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում և Արևելյան Հայաստանում, բ) եզակի դեպքերում է, որ հայերը բռնի գաղթեցվում էին հայրենիքից, գ) երկրից արտագաղթածները և նրանց հետնորդները գործնականում գրեթե միշտ հնարավորություն ունեին վերադառնալու հայրենիք։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտել են վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և վերջ տալ Հայկական հարցի լուծմանն ուղղված միջազգային դիվանագիտության ջանքերին։ Այդ նպատակով նրանց կողմից 1915-ին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և երկրի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և բռնագաղթի քաղաքականության արդյունքում սպանվեց շուրջ 1,5 մլն հայ։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո (1918) բռնագաղթը վերապրած հայությունը սկսեց վերադառնալ հայրենիք, նախ և առաջ ազատագրված Կիլիկիա։ Սակայն երբ 1921-ի վերջին Ֆրանսիան, դուրս հանելով իր զորքերը Կիլիկիայից, հանձնեց այն Թուրքիային, հայերը հարկադրված եղան վերջնականապես հեռանալ այնտեղից։

Հայ ժողովրդի պատմության մեջ 1915–22-ից հետո առաջին անգամ էր, որ ա) հայկական ազգային տարածքների հիմնական հատվածում՝ Արևմտյան Հայաստանում և Հայկական Կիլիկիայում, հայ բնակչությունը գրեթե ամբողջովին վերացավ, բ) հայ ժողովրդի հիմնական զանգվածը սկսեց ապրել պահպանված ազգային տարածքի՝ Արևելյան Հայաստանի (որտեղ և ստեղծվեցին հաջորդաբար Հայաստանի երեք հանրապետությունները) սահմաններից դուրս, գ) ինչպես բռնագաղթածները, այնպես էլ նրանց ժառանգները ցայսօր էլ զրկված են բնօրրան վերադառնալու հնարավորությունից։ Հայ գաղթականները, զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից, սփռվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Հայ ժողովրդի կողմից կատարվածի ճակատագրական նշանակության գիտակցման արտահայտություններից է գաղթաշխարհի այդ` որակապես նոր տեսակի անվանումը «սփյուռք» (diaspora) հասկացությամբ, որը հայերենում մինչ այդ չէր կիրառվել սեփական պատմության, տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքների նկատմամբ։

Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տարբեր երկրներում բնակվող հայությունը շտապեց օգնության հասնել իր հայրենաբնակ ժողովրդին։ Եվ բնական է, որ հայրենիքից բռնագաղթվածները ձգտում էին հաստատվել նախ և առաջ հենց այդ երկրներում՝ արդարացիորեն ապավինելով ազգակիցների օժանդակությանը։ Հետագա տարիներին նրանց տեղաշարժերի արդյունքում հայկական համայնքներ ձևավորվեցին շատ ավելի մեծ թվով երկրներում։ Այսօր սփյուռքահայ համայնքներ գոյություն ունեն աշխարհի ավելի քան հիսուն երկրներում, սակայն, սփյուռքահայության հիմնական զանգվածը բնակվում է նրանցից երկուսում՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում։

Սփյուռքահայության, ինչպես և որևէ այլ ազգային փոքրամասնության գոյավիճակը պայմանավորված է ընդունող երկրների սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային առանձնահատկություններով։ Ուստի և հայ սփյուռքի համայնքները կարելի է խմբավորել ըստ այդ երկրների ընդհանուր բնութագրերի՝ Արևելքի, Արևմուտքի, Հարավային Ամերիկայի և հետխորհրդային տարածքի հայկական համայնքներ։ Տիպաբանման այս սկզբունքը, բնականաբար, չի կարող արտահայտել յուրաքանչյուր խմբի մաս կազմող համայնքների առանձնահատկությունները, որոնք, իրենց հերթին, պայմանավորված են արդեն յուրաքանչյուր առանձին երկրի զարգացման յուրահատկությամբ։

Աղբյուրը՝ «Հայ Սփյուռք հանրագիտարան», գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 7-9: 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am