Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Կեդրոնական վարժարանը Կ. Պոլսի հայ համայնքում

 Կեդրոնական վարժարան, բարձրագույն կրթական հաստատություն։ Հիմնվել էՍտամբուլում հայկական Կեդրոնական վարժարանը 1886-ին, Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում՝ պատրիարք Ներսես Վարժապետյանի և հայ մտավորականության ջանքերով։ Առաջին տնօրենն էր Մինաս Չերազը։ Ընդունվել են 6-ամյա նախակրթարանն ավարտածները։ Ոաուցումը հիմնականում վճարովի էր։ Շրջանավարտները կարող էին ուսումը շարունակել եվրոպական երկրների համալսարաններում։ 1890-91 ուսումնական տարվանից ուսուցումը 5 տարի էր։ Առաջին երեք դասարաններում դասավանդվել են կրոն, հայոց լեզու և գրականություն, թուրքերեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, բնական գիտություններ, իրավագիտություն, առևտրաֆինանսական գիտություններ, առողջապահություն։ Վերջին երկու դասարաններում ավելացել են իմաստասիրություն, քաղաքատնտեսություն, մանկավարժություն առարկաները։ 1896-ին որպես «հեղափոխության որջ» փակվել է, վերաբացվել 1897-ին։ Վարժարանին կից հիմնվել է նախակրթարան, որտեղ գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն (փակվել է 1929-ին)։ 1935-ին Էսայան վարժարանի լիցեյի բաժինը միացել է Կեդրոնական վարժարանին և մինչև 1951-ը գործել որպես երկսեռ ոաումնական հաստատություն։ 1947-ին Ստամբուլում հիմնվել է Կեդրոնական վարժարանի Սանուց միությունը, որն իր մասնաճյուղերն ունի Ֆրանսիայում, ԱՍՆ-ում, Կանադայում։

Կ. Պոլսի Կետրոնական վարժարանի շրջանավարտները, 1893-1894 թթ.Ներկայումս վարժարանն ունի միջնակարգի (հայոց լեզվի շաբաթական 6 դասաժամով) և լիցեյի (հայոց լեզվի շաբաթական 4 դասաժամով) բաժիններ։ Միջնակարգ բաժնում հայերենով են դասավանդվում նաև որոշ այլ առարկաներ։ Երկու բաժիններում էլ ուսանում են օտար լեզուներ։ Վարժարանն ունի 265 աշակերտ, 30 ուսուցիչ։ Գործում են ժամանակակից տեխնիկայով համալրված լաբորատորիաներ, գրադարան, հրատարակչություն, «Երազ» պարախումբը։ Տարբեր տարիներ Կեդրոնական վարժարանում դասավանդել են Մ. Գարագաշյանը, Հ. Շիշմանյանը (Ծերենց), Բ. Կյուլեսերյանը, Հ. Հինդլյանը, Ռ. Պերպերյանը, Մ. Կյուրճյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Հ. Պարոնյանը, Գ. Նորատունկյանը, Ս. Կուրտիկյանը, Գ. Գավաֆյանը, Ե. Տեր-Անդրեասյանը, Հ. Ասատուրը, Տ. Չրաքյանը (Ինտրա), Լ. Շանթը, Վ. Թեքեյանը, Հ. Օշականը, Կ. Զարյանը, Զ. Ասատուրը (Սիպիլ), Մ. Իզմիրլյանը, Մ. Օրմանյանը, Ե. Դուրյանը, Գ. Սրվանձտյանը, Դ. Խաչատրյանը, Ա. Սյուրմելյանը, Ա. Խաչատրյանը, Կոմիտասը («Գուսան» երգչախումբը կազմվել է հիմնականում վարժարանի սաներից)։ Կեդրոնական վարժարանի սաներից են եղել Ա. Չոպանյանը, Հ. Աճառյանը, Ա. Ալպոյաճյանը, Հ. Սիրունին, Ա. Արմենյանը, Մ. Մեծարենցը, Վ. Թեքեյանը, Հ. Մնձուրին, Ռ. Շիշմանյանը, Երուխանը և ուրիշներ։ (Տես նաև՝ Թուրքիայում հայկական դպրոցների դերն ու նշանակությունը):

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 188:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am