Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Կոստանդնուպոլսի գրչության կենտրոն

 Կոստանդնուպոլսի գրչության կենտրոն, նախամաշտոցյան շրջանի հայ մշակույթի խոշորագույն կենտրոն։ Հայ գրերի ստեղծումից հետո այստեղ հատկապես զարգացել է թարգմանչության արվեստը։ VIII դ. սկզբին Սյունյաց եպիսկոպոսի աշակերտ Ստեփանոս Սյունեցին, Դավիթ Հյուպատոսի հետ Կ. Պոլսում թարգմանել Է Դիոնիսիոս Արիոպագացու «Մատենագրությունը», Կյուրեղ Երուսաղեմցու «Գիրք պարապմանց», «Թուղթ և գանձ» երկերը, Գրիգոր Նյուսացու «Մատենագրությունը», ապա Որոգինես Ալեքսանդրացու «Ղևտիկոնի մեկնությունը», որոնք մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով։ Հնագույն ձեռագիրը (պահվում Է Մատենադարանում) մագաղաթե Ավետարան է՝ գրված 909-ին՝ Հայոց սպարապետ Աշոտի համար (գրիչ Թութայել)։ X դ. թարգմանչական լուրջ գործունեություն է ծավալել Հովսեփ Բժիկ Կոստանդնուպոլսեցին։ 965-ին նա թարգմանել է մի վկայաբանություն, իսկ 991-ին՝ «Յայսմաւուրք»։ Հետագայում Իսրայել Արցախեցու, Կիրակոս Գանձակեցու, Գրիգոր Անավարզեցու, Գրիգոր Խլաթեցու խմբագրությամբ ժողովածուն հարստացել է հայկական վարք-վկայաբանություններով։ Կ. Պոլսում կատարված ընդօրինակությունների թիվը առավել մեծ չափերի է հասել հատկապես XV-XVII դդ.։ Կոստանդնուպոլսի գրչության կենտրոնի մեզ հայտնի շուրջ 1000 գրչագրերի կեսից ավելին պահվում է Մատենադարանում։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 192:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am