Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Կոստանդնուպոլսի հայկական տպագրություն

Կոստանդնուպոլսի հայկական տպագրությունը սկզբնավորվել է 1567-ին Աբգար Թոխաթեցու ջանքերով։ Նույն տարում տպագրվել է «Փոքր քերականութիւն կամ Այբբենարան» պոլսահայ առաջին գիրքը։ Տպարանը գործել է մինչև 1569-ը։ 1676-ին Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը հիմնել է նոր տպարան, որր երկու գրքույկ տպագրելուց հետո, մեկ տարի անց, փակվել է։ 1691-ին կաթոլիկ հայերը հիմնել են գաղտնի տպարան, որր գործել է մինչև XVIII դ. 20-ական թթ. կեսը։ Առավել երկար է գործել Գրիգոր Մարզվանեցու տպարանը։ Նրա նախաձեռնությամբ և Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու ընկերակցությամբ 1698-ին լույս է ընծայվել «Տաղարան վայելուչ և գեղեցիկի զանազանից բանաստեղծից», որից հետո Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին հիմնել է իր տպարանը։ Նրա մահից հետո (մոտ 1748) այն անցել է որդուն՝ Հովհաննեսին, և գործել մինչև 1770-ական թթ.։ Գրիգոր Մարզվանեցու և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարաններում սրբագրախմբագրական աշխատանք է կատարել Բաղդասար Դպիրը, որի տաղերը, քերականության դասագրքերը և այլ գործեր տպագրվել են այդ տպարաններում։ XVIII դ. սկզբից մինչև 70-ական թթ. Կ. Պոլսում գործել են տասից ավելի հայկական տպարաններ, որոնցից ամենանշանավորը «Հովհաննես և Հակոբ» տպարանն էր (1766-1769)։ Հակոբի գործը շարունակել են Հովհաննեսն ու իր որդի Պողոսը։ Կոստանդնուպոլսի հայկական տպագրությունը նկատելի վերելք է ապրել XIX դ. և XX դ. սկզբին։ Այդ շրջանում գործել են շուրջ 130 հայկական տպարաններ։ Սրանց մեծ մասի գործունեությունը տարբեր պատճառներով տևական չի եղել։ Իրենց մեծությամբ և տպագիր արտադրանքի քանակով (տարեկան 200-300 գիրք) աչքի են ընկել նաև Հ. Մյուհենտիսյանի (ամենակատարելագործվածն էր ամբողջ Մերձավոր Արևելքում), Գ. Քյուրքչյանի, Հ. Գավաֆյանի, Ճ. Արամյանի, Ա. Պոյաճյանի, Հ. Մաթևոսյանի տպարանները։ Կ. Պոլսում են տպագրվել հայ գրողների արևմտյան հատվածի գրեթե բոլոր ստեղծագործությունները, բազմաթիվ դասագրքեր, հասարակական, քաղաքական, գիտական, կրոնական գրքեր, նոտային և քարտեզագրական նյութեր։ Ներկայումս հրատարակվող հայկական պարբերականներն ունեն սեփական տպարաններ, որոնցում տպագրվում են նաև տեղի գրողների երկերը։ Կոստանդնուպոլսի հայկական տպագրությունը զգալի դեր է կատարել նաև թուրքերի և այլ ժոդովուրդների տպագրական գործի ստեղծման ու գարգացման ասպարեզում։ 1729-ին հիմնադրված թուրքական առաջին տպարանի սարքավորումների մի մասը ապահովել են հայ վարպետները։ XVIII-XIX դդ. Պ. Արապյանը, Հ. Մյուհենտիսյանը  (անվանել են «Թուրքական Գուտենբերգ», արժանացել է կառավարական պարգևների), Կ. Քեշիշյանը, Ա. Թոզլյանը, Մ. Նազգաշյանը թուրքական տառատեսակների և տպագրության արվեստի կատարելագործողները եղան։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 198-199:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am