Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Պեզճյան մայր վարժարան

 Պեզճյան մայր վարժարան, մինչև 1830-ը՝ Գումգափուի մայր վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց, հիմնել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը 1715-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Մինչև 1741-ը կոչվել է Ընծայարան։ Նպատակն էր պատրաստել եկեղեցու սպասավորներ, ուսուցիչներ։ Ունեցել է բարձրագույնի ծրագիր, կրոնին ու հայագիտական առարկաներին զուգընթաց դասավանդվել են «Յոթ ազատ արվեստներ», հունարեն, լատիներեն։ Վարժարանում թարգմանվել է գիտական, փիլիսոփայական, աստվածաբանական գրականություն։ Աստվածաբանական առարկաներից բացի, աշակերտները սովորել են հայոց լեզու հայ ժողովրդի պատմություն, բանահյոաություն, ճարտասանություն, օտար լեզուներ, բնական գիտություններ։ Ոաանելու էին գալիս Հայաստանի տարբեր վայրերից։ Շրջանավարտներից շատերը դարձել են կրոնական ու հասարակական նշանավոր գործիչներ (Հակոբ Բ Նալյան պատրիարք, Սահակ Ահագին Կեղեցի՝ ոչ պաշտոնական Ամենայն հայոց կաթողիկոսը 1756-59-ին, Սամուել Երզնկացի և ուրիշներ)։

1741-ին Հակոբ Բ Նալյան պատրիարքը դպրոցը փոխադրել է Գումգափու՝ պատրիարքարանին կից և վերանվանել Մայր դպրատուն։ Հրավիրվել են նոր դասատուներ, լրացվել ու հաստատվել է վարժարանի կանոնադրությունը (արգելվել են ֆիզիկական պատիժները, սահմանվել աշակերտների և ոաուցիչների իրավունքներն ու պարտականությունները)։ Վարժարանի գրադարանը հարստացվել է հին ձեռագրերով ու մասնագիտական գրականությամբ։ 1790-ին Միրիճանյան ամիրան Մայր դպրատանը հիմնադրել է տպարան։ 1826-ի հրդեհի հետևանքով այրվել են պատրիարքարանը, եկեղեցին ու Մայր դպրատունը։ Շենքերը վերակառուցելու արտոնություն է ստացել Պեզճյան Հարություն ամիրան։ 1830-ին, շինարարությունն ավարտելուց հետո, վարժարանը վերանվանվել է Պեզճյան մայր վարժարան։

Վերջինս պահպանել և շարունակել է Գումգափուի մայր վարժարանի ավանդույթները։ Ունեցել է 3 բաժին աղքատ երեխաների դպրատուն, դպրության վարժոց, երաժշտանոց։ Վարժարանին կից բացվել է նաև ընծայարան հոգևորականներ պատրաստելու համար։ Վարժարանը մեծ դեր է կատարել տարբեր մասնագիտությունների գծով ոաուցչական կադրեր պատրաստելու գործում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ և եվրոպական ձայնագրության ուսուցմանը։ 1840-ին վարժարանին կից բացվել է Լոաավորչական աղջկաց դպրոցը։ 1846-ին ստեղծվել Է Ընթերցասիրաց ընկերությունը՝ կազմված Պեզճյան մայր վարժարանի շրջանավարտներից։ Վարժարանի ոաուցիչների (Հ. Ոսկան, Մ. Աղաթոն, Կ. Ութուճյան և ուրիշներ) ջանքերով ստեղծվել է մատենադարան (շուրջ 1000 ձեռագիր ու մատյան)։ 1858-59-ի տարեշրջանում վարժարանն ունեցել է 264 աշակերտ, XX դ. սկզբին դարձել է երկսեռ։

Ներկայումս (2003) գործում Է միջնակարգ դպրոցի ծրագրով, դասավանդվում են հայոց լեզու և կրոն, մնացած բոլոր առարկաների ոսուցումը թուրքերեն է։

Տարբեր ժամանակներում վարժարանում դասավանդել են Ղ. Աբրահամյանը, Գասպար դպիրը, Հ. Թուլյանը, Մ. Չերազը, Հ. Հինդլյանը և ուրիշներ։ (Տես նաև՝ Թուրքայում հայկական դպրոցների դերն ու նշանակությունը):

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 185-186:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am