ՉԻՆԱՍՏԱՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, պետություն Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքը 9,6 մլն կմ2: Բնակչությունը 1,262 մլրդ (1998): Մայրաքաղաքը՝ Պեկին (13 մլն): Հայերի թիվը 50-60:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:


Հայ-չինական առնչությունները սկիզբ են սանում վաղ ժամանակներից: Կա մի ավանդություն (հիշում է պատմահայր Մովսես Խորենացին), ըստ որի Մամիկոնյանների և Օրբելյանների հայ նախարարական տոհմերն ունեն չինական ծագում:

Չինաստանում հայերն առաջին անգամ հիշատակվում են II դ.: Նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական առաջին արշավանքներից (XIII դ. սկիզբ) հետո, երբ Հայաստանից գերեվարած հազարավոր հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Այնուհետև հայերը թափանցել են երկրի խորքը, բնակվել ծովափնյա քաղաքներում, հատկապես Կանտոնում (այժմ Գուանչժոու), որտեղ մինչև 1307-ը կառուցել են եկեղեցի հարակից շինություններով: Առաջին հայկական համայնքները ժամանակի ընթացքում ձուլվել են: XVII դ. կեսին Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք: XVIII դ. ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում: XIX ղ. սկզբին հայերի նոր հոսք է եղել Չինաստան Հնդկաստանից ու հարևան երկրներից. նրանք հիմնականում բնակության են հաստատել Չինաստանի արևելքում Մուկդեն, Խարբին, Չանչուն, Դայրեն, Շանհայ քաղաքներում: Չինաստանի հարավում հաստատված հայերը գլխավորապես նորջուղայեցիներ էին, արևելքում ղարաբաղցիներ և զանգեզուրցիներ: Չինաստանի ամենահայաշատ քաղաքը Խարբինն էր: 1930-ական թթ. հայերի թիվը այստեղ հասել է հինգ հարյուրի: Խարբինի հայ համայնքն ունեցել է եկեղեցի, ներքին կանոնադրություն, որով առաջնորդվել են Չինաստանի հյուսիսարևելյան շրջաններում բնակվող հայերը: 1930-ին Խարբինում ստեղծվել են «Արծիվ» հայրենասիրական միությունը, Հայ տիկնանց միությունը, Հայ երիտասարղական ակումբը, որոնք կազմակերպել են հավաքույթներ, հայերենի դասավանդում, ընթերցանություն և այլն: Խարբինի հայերը սերտ կապեր են ունեցել տեղի ռուսների հետ:

XX դ. սկզբին Խարբինում հանգրվանած մի շարք հայ (նաև ռուս) արվեստագետների ուժերով ձևավորվել է տեղի թատերական կյանքը: 1918-ին Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանուհի Վարվառա Մելիքյանն իր դստեր (դերասանուհի) և փեսայի (ռեժիսոր) Վ. և Ս. Բուդաղյանների հետ տեղափոխվել է Խարբին: 1919-22-ին տեղի թատերասերների հետ Վ. Մելիքյանը կազմակերպել է ներկայացումներ, որոնցից ուշագրավ էր Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Գլխավոր դերակատարումներով մասնակցել են Վ. Մելիքյանը, Բուդաղյան ամուսինները, Վ. Նազարյանը, Օ. Տեր-Հակոբյանը, Ս. Հովհաննիսյանը:

1930-ական pp. Շանհայում կար 200 հայ, որոնք ունեին հավաքատեղի Հայոց տուն, աոանձին դրամատուն: 1931-ին կազմակերպվել է Հայ երիտասարդաց միությունը: Շանհայաբնակ Հայկ Ասատրյանին է պատ- կանել քաղաքի մարզադաշտը: Շանհայի հայերը չեն ունեցել իրենց եկեղեցին. նրանց երբեմն այցելել են հայ եկեղեցու հովիվները Խարբինից կամ Վլադիվոստոկից:

Չինաստանի հայերի սոցիալական կազմը տարբեր էր: Երկրի հարավում բնակվող հայերը հիմնականում առևտրականներ էին, արևելքում մտավորականներ (բժիշկներ, ճարտարագետներ, փաստաբաններ), արհեստավորներ: Նկատելի էր հայ վաճառականների դերը Չինաստանի առևտրում (XVII-XVIII դդ.): Նրանք ունեին անգլիացիներին հավասար իրավունքներ, սեփական նավեր, գործարաններ (Կանտոնում): Մեծ հեղինակություն են վայելել հայ բժիշկները. Խարբինի առողջապահության գործը ղեկավարել է Ստեփան Մուղդեսյանը: Կանտոնաբնակ չինարենի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանն անգլերենից չինարեն է թարգմանել Աստվածաշունչը (համարվում է չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը): Չինաստանի հայերը չեն կորցրել կապը հայրենիքի հետ: XVIII դ. Մնացական Ղասապյանը, Հովհաննես Մաթևոսյանը և ուրիշներ գումարներ են կտակել Հայաստանին: Չինաստանի հայ գաղութն զգալիորեն տուժել է ճապոնական օկուպացիայի տարիներին: 1950-ական թթ. հայերի մեծ մասը գաղթել է Ավստրալիա, ԱՄՆ, Ֆիլիպիններ: Ազգային կյանքն անկում է ապրել: Ներկայումս (2003) Չինաստանում բնակվում են 50-60 հայեր:

Սյանգան. Հոնկոնգ, կղզի Չինաստանի հարավ-արևելքում: 1842-ին, անգլո-չինական պատերազմի ժամանակ, գրավել են անգլիացիները, և Նանկինի պայմանագրով (1842) այն անցել է Մեծ Բրիտանիային: 1997-ի հունիսից վերստին Չինաստանի կազմում է: Հայերը Հոնկոնգում հայտնվել են XVIII դ. վերջին - XIX դ. սկզբին: 1765-ին Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու կազմած «Ջամբռ»-ում «Չինու երկիրը» (խոսքը Հոնկոնգի մասին է) դրված է այն քաղաքների շարքում, որտեղ հայ համայնքներ են եղել: Հոնկոնգում հաստատվել են հիմնականում ջուղայահայեր և հնդկահայեր: XIX դ. վերջին այստեղ գործել են «Սեթյան», «Աբգարյան», «Ադաբեկյան» հայկական ընկերությունները: Հոնկոնգի հայ համայնքի աչքի ընկնող դեմքերից էր Պոլ Չաթերը (Խաչիկ Աստվածատրյան). 1876-1926-ին ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը, եղել Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդականը, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ: 1902-ին Հոնկոնգի կառավարությունը նրան շնորհել է«Սըր» տիտղոսը: Պոլ Չաթերի ծրագրով և միջոցներով կառուցվել է Հոնկոնգի նավահանգիստը իր 11 մթերանոցներով, տեղի համալսարանը, բազմաթիվ այլ շենքեր: Հայ բարերարի անունով Հոնկոնգում կա երկու փողոց Աստվածատրյան և Սըր Պոլ Չաթեր: Պոլ Չաթերի մահից հետո նրա մարմարե պալատը վերածվել է թանգարանի, որտեղ պահվել են չինական, հնդկական, մալայական արվեստի մեծարժեք գործեր: Հիշատակության են արժանի Հարություն, Հարոլդ, Կյուրեղ, Դենիս եղբայրները (նրանց է պատկանել ադամանդի վաճառքի տասը տներից չորսը), բազմաթիվ ձեռնարկների հեղինակ, հետագայում նավային խոշոր ընկերության տնօրեն Տիգրան Գրիգորյանը, Հոնկոնգի ներմուծման և արտահանման գրասենյակի տնօրեն Հարություն Սեթյանը (որը միաժամանակ թարգմանություններ էր անում հնդկերենից անգլերեն և չինարեն), բժիշկ Պողոս Հորդանյանը, որի ջանքերով կղզուց գրեթե վերացել է մալարիան, խոշոր նավատեր-վաճառականներ Ղազար Ա. Աբգարը, Աբգար Ա. Աբգարը, կառավարիչ Ս. Կարապետյանը: Հոնկոնգ բազմիցս այցի են եկել Մայր աթոռ Ս. էջմիածնի նվիրակները. 1924-ին այստեղ այցելած Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Սահակ արք. Ազատյանի վկայությամբ Հոնկոնգում կար 15 հայ ընտանիք: Ներկայումս (2003) Հոնկոնգում հայերի թիվը 20-25 է: Հիմնականում գործարար մարդիկ են: Նրանց հոգևոր կարիքներր հոգում է Ավստրալիայի հայոց թեմի առաջնորդարանը:


Պարգև Մարտիրոսյան

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 438-439: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am